Կայացավ ՔՈԱՖ-ի առաջին գագաթնաժողովը

Կայացավ ՔՈԱՖ-ի առաջին գագաթնաժողովը

«Նորարարության միջոցով զարգացնել գյուղական համայնքները՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններով երեխաներին ու չափահասներին անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելով» սա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) լրամշակված ու վերաձևակերպված առաքելությունն է։

Ապրիլի 4-6-ը Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ հիմնադրամի առաջին գագաթնաժողովը, որին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի անդամները, ՔՈԱՖ-ի ղեկավար կազմն ու  տարբեր ոլորտների մասնագետներ մի շարք երկրներից՝ Թաիլանդ, ԱՄՆ, Մալթա, Վենեսուելա։

Ռազմավարության մշակման ընթացքում ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենն առանձնացրեց գործունեության երկու հիմնական սկզբունք՝ նորարարություն և արագություն։ «Մեր տեսլականի հիմքում նորարարությունն է՝ որպես խնդիրների լուծման կենսական, արդի մոտեցում, իսկ իրավիճակին արագ արձագանքը մերօրյա անհավանական տեմպով զարգացող աշխարհում դառնում է անհրաժեշտություն»։

ՔՈԱՖ-ի գագաթնաժողովը հարթակ էր՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի զարգացման ուղիները քննարկելու և որոշումներ կայացնելու։ Վերամշակելով ՔՈԱՖ-ի տեսլականն ու առաքելությունը՝ մասնակիցները գյուղական համայնքների զարգացման և առաջընթացի հավակնոտ ձգտումեր ու գործողություններ նախանշեցին։

Գագաթնաժողովի մասնակիցները համակարծք էին, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գործնականում մասնակցի տնտեսության կառուցմանն ու աճին։ Այս համատեքստում գործազուրկ կամ երկրից դուրս աշխատանքային հնարավորություններ փնտրող բնակիչներին, ըստ Կարո Արմենի, պետք է ցույց տալ հնարավորությունների լայն շրջանակ իրենց իսկ համայնքում, զինել նոր գիտելիքով ու հմտություններով, ստեղծել նախադրյալներ, որ մարդը կարողանա աշխատել, արարել ու արժեք ստեղծել։

* * *

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսին՝ ծառայելու մարզի շուրջ 150 հազար բնակիչներին։