8K գրաֆիկա, 3D աուդիո և PS4-ի խաղերը խաղալու հնարավորություն. հրապարակվել են PlayStation 5-ի վերաբերյալ մանրամասներ

Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունն աշխատում է նոր սերնդի PlayStation խաղային կցորդի ստեղծման ուղղությամբ. նոր մոդելը փոխարինելու է PlayStation 4-ին: Ինչպես նշում է Daily Mail-ը, PS4-ի «ճարտարապետ» Մայք Ցերնին մի շարք գաղտնի մանրամասներ է հրապարակել նորույթի վերաբերյալ: Ըստ նրա՝ հաջորդ PlayStation-ը կլինի «հեղափոխական»:

Այն կունենա 8-միջուկանի AMD չիպ և խաղացողներին կտա իրականության ավելի մեծ զգացում: PlayStation 5-ի կատարելագործված գրաֆիկական քարտերն ու պրոցեսորները սարքին 8K գրաֆիկայի, եռաչափ աուդիոյի ապահովման հնարավորություն կտան:

Բացի այդ, սարքը, ի տարբերություն այժմյան մոդելի, շատ ավելի քիչ ժամանակ կծախսի ներբեռնման համար: Դրա առանձնահատկություններից մեկն այն կլինի, որ սարքը հնարավորություն կտա խաղալ PlayStation 4-ի խաղերը, կիրառել այժմյան PlayStation VR վիրտուալ իրականության դիմակը:

Թեև սարքի շնորհանդեսի ժամկետի և գնի մասին հստակ տեղեկություն չկա, սակայն Sony-ն հայտարարել է, որ այն այս տարի չի ներկայացվի: