Զրոյից բիզնես սկսելու կարևոր պայմանը

Նախապես պլանավորելը մեծ քայլ է դեպի հաջողությունը: Այդ պատճառով էլ փորձեք նախապես պլանավորել, թե ինչպես կարող եք գրեթե ոչնչից հասնել հաջողակ բիզնեսի, ընդ որում գոյություն չունի մեկ ընդհանուր բանաձև և ամեն մարդ հենց իր համար պետք է պլանավորի` հաշվի առնելով իր ֆինանսական դրությունը, նպատակասլացությունը, բանիմացությունը, բնավորությունը և այլ առանձնահատկություններ: Ահա այդպիսի մի օրինակ:

Ենթադրենք դուք ունեք աշխատանք, որի համար ձեզ վճարում են ամսեկան 200 000 դրամ: Եթե ամեն ամիս այդ գումարից տնտեսեք 85 000 դրամ (դա շատ բարդ կլինի, ոմանց համար նույնիսկ` անհնար), ապա մեկ տարի անց դուք կունենաք ավելի քան 1 000 000 դրամ: Ձեր տնտեսած գումարն անպայման բանկում կպահեք, որպեսզի ինֆլիացիայի հետևանքով այն չկորցնի իր գնողունակությունը: Այդ գումարով կարող եք սկսել մի շատ փոքրիկ բիզնես, իսկ եթե գումարը չբավականացնի՝ կարելի է նաև վարկ վերցնել: Ցանկալի կլինի, որ ձեր միջոցներով կարողանաք միանալ որևէ արդեն գործող բիզնեսի, քանի որ հենց սկզբից դա ձեզ համար մեծ առաջընթաց կլինի: Բացի դրանից բիզնեսը թիմային խաղ է, այդ պատճառով էլ գործընկեր և օգնական ուժ ունենալը մեծ առավելություն է:

Շատերը սեփական գործը սկսելուց հետո թողնում են իրենց աշխատանքը, բայց դուք այդպես չեք վարվի: Շարունակեք աշխատել և դրա հետ միաժամանակ համատեղել ձեր փոքրիկ բիզնեսը: Բիզնեսից ստացված եկամուտը մի ծախսեք, այլ օգտագործեք այն ձեր գործն ընդլայնելու համար: Բացի այդ շարունակեք ամեն ամիս ձեր աշխատավարձից 85 000 դրամ ներդնել ձեր բիզնեսի մեջ: Այդպես այնքան կշարունակեք մինչև ձեր բիզնեսն այնքան եկամուտ բերի, որ կարողանաք վերջապես թողնել աշխատանքը, որից հետո ավելի շատ ժամանակ կունենաք ձեր բիզնեսն ընդլայնելու համար:

Հաջորդ քայլը ներդրումներն են, որոնք պետք է անեք ձեր բիզնեսից ստացված եկամուտով: Սկզբի համար լավ կլինի դրանք անել ինտերնետում, քանի որ սկզբում դուք դեռ բավարար գումար չենք ունենա այլ ոլորտների համար: Բացի դրանից ինտերնետում կան նախագծեր, որոնց միջոցով կարելի է արագ ձեր ունեցած գումարները բազմապատկել: Օրինակ` ես գիտեմ նույնիսկ օնլայն խաղեր, որոնք որոշ դեպքերում կարող են բարձր եկամտաբերություն ապահովել, բայց չեմ կարծում, որ այնտեղ արժե մեծ գումարներ ներդնել: Հաջորդ քայլը անշարժ գույքի ոլորտում ներդրումներն են, որոնց համար կարող եք օգտվել մի քանի փորձված, լավ հնարքներից: Այսպես կոչված «վարկի տակ մնացած» բնակարանները  բանկերը վաճառում են աճուրդի միջոցով, դա լավ հնարավորություն է իրական գնից ավելի էժան գնով անշարժ գույք ձեռք բերելու համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ ձեր ձեռք բերած բնակարանը (բնակարանները) այնպիսի հարմար տեղում գտնվի, որ հնարավոր լինի այն (դրանք) վերածել խանութի կամ որևէ այլ բիզնեսի: Այնուհետև, դուք հավանաբար ժամանակ  և ցանկություն էլ չեք ունենա քաղաքի մյուս ծայրում խանութ աշխատեցնելու, այդ պատճառով էլ այն վարձով կտաք: Արդյունքում ստացված վարձերը կփակեն բնակարանի (արդեն վերածված խանութի կամ այլ բիզնեսի) վերանորոգման և այլ ծախսերը, և ձեզ էլ դեռ լրացուցիչ գումար կմնա:

Այդպես կշարունակեք վարձով տալ և դրանից որոշ եկամուտ ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ գնորդ չի գտնվել, ում ձեր ձեռք բերած բնակարանը կվաճառեք արդեն գործող խանութի կամ այլ բիզնեսի գնով, այսինքն` ձեր  ձեռք բերած գնից շատ ավելի թանկ: Այդպես շարունակելով կանցնեք ավելի բարդ և ավելի ռիսկային ներդրումների, որոնք ավելի մեծ եկամուտ ստանալու հնարավորություն կտան: Դրանք են արժեթղթերը: Կկազմեք պորտֆել, կունենաք և′ բաժնետոմսեր, և′ պարտատոմսեր: Կօգտվեք Ուորեն Բաֆֆեթի օրինակից, ձեր պորտֆելը կկազմեք 10-15 առաջադեմ կազմակերպությունների բաժնետոմսերից, քանի որ առաջադեմ կազմակերպություններն ունեն առաջադեմ մասնագետներ, որոնցից էլ հիմնականում կախված է կազմակերպությունների առաջընթացը: Եթե ձեր կատարած ներդրումներն իրենց արդարացնեն, դրանցից ստացված եկամուտը կրկին կներդնեք բիզնեսի մեջ և հակառակը:

Այսպես, զրոյից սկսելով, դուք և՛ բիզնեսով կզբաղվեք, և՛ ներդրումներ կանեք, որոնք կսնեն մեկը մյուսին: Ահա փող աշխատելու մի տեսականորեն ձևակերպված պլան: Այս ամենը, իհարկե, բարդ կլինի, բայց աշխատասիրության և մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է դա իրագործել: Հետագայում ավելի մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես կարելի է դա անել:

 

Աղբյուրը՝ success.am