«WCIT 2019»-ն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում․ ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը

«WCIT 2019»-ի կազմակերպման գրասենյակը բացել է հոկտեմբերին Երևանում կայանալիք 23-րդ ՏՏ համաշխարհային համաժողովի տեղեկատվության պաշտոնական աղբյուրները։ Համաժողովի նախապատրաստական ընթացքի, հրավիրվող բանախոսների, մասնակից երկրների, գործընկերների և հովանավորների մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու պաշտոնական կայքում և սոցիալական մեդիայի բոլոր առաջատար հարթակներում։ Պաշտոնական կայքում ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը։   

Հասանելի է ՝ Website, Facebook, YouTube, Twitter, LinkedIn, Instagram, Telegram  հարթակներում։  

Պաշտոնական հարթակներում արդեն հրապարակվել է նաև միջոցառման տեսանյութ-այցեքարտը, որը ներկայացնում է Հայաստանում կայանալիք համաշխարհային համաժողովի գլխավոր գաղափարախոսությունը՝ ապակենտրոնացման ուժը

«Տեխնոլոգիաների շնորհիվ, աշխարհն ավելի ապակենտրոնացած է դառնում։ «WCIT 2019»-ը կբացահայտի այս երևույթը, դրա հնարավորություններն ու հեռանկարային ազդեցությունը՝ նոր ճանապարհ հարթելով դեպի արագորեն ապակենտրոնացող աշխարհ»,- նշել է «WCIT 2019- ՏՏ համաշխարհային համաժողովի» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանը, Գերմանիան, Թայբեյը հանդես կգան առանձին տաղավարներով, ընդլայնված ձևաչափով մասնակից մյուս երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ։

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։