Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Սան Ֆրանցիսկո

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) պատվիրակությունն ապրիլի 29-ից մայիսի 4-ը Սան Ֆրանցիսկոյում հանդիպումներ է ունեցել ամերիկյան մի շարք ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, Սան Ֆրանցիսկո կատարած այցը նպատակ ուներ աջակցել համատեղ R&D եւ կրթական համակարգում պիլոտային ծրագրերի իրականացմանը՝ ստարտափների և մասնավոր ընկերությունների ներգրավմամբ:

«Ընդհանուր գործընկերների շնորհիվ կա հնարավորություն իրականացնել փորձնական նախագծեր, կրթական և հետազոտական ծրագրեր՝ ստեղծելով համագործակցության հետագա հնարավորություններ։ Կարևոր եմ համարում այն, որ միջազգային ընկերություններին Հայաստան ուղղորդենք ոչ միայն ցույց տալով ոլորտի հաջողությունները, այլև քաջալերելով համագործակցել տեղական բուհերի հետ: Արտերկրի և հայաստանյան բուհերի համագործակցության հաջողակ պատմություններ արդեն ունենք, օրինակ` Սան Խոսեի և Ռատգերսի համալսարանները»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը:   

Հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, ISTC մենեջեր Արեգ Գևորգյանը և Fambox ընկերության ներկայացուցիչները:

Պատվիրակությունը հանդիպել է Nvidia և Dolby Laboratories ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել տեխնոլոգիական ոլորտում պիլոտային նախագծերի իրականացումը:  

Նշենք, որ Dolby Laboratories-ի ներկայացուցիչը մի քանի ամիս առաջ Հայաստան կատարած այցի շրջանակում հյուրընկալվել էր Ինժեներական քաղաքում, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ՝ պատկերացում կազմելու, թե ինչ ստարտափներ են գործում Հայաստանում եւ ինչ լուծումներ կարող են մշակվել:

ՁԻՀ պատվիրակությունն այցելել է նաև PayPal ընկերություն, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալը և քննարկել փոխգործակցության ուղիները:

Այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Սան Ֆրանցիսկոյում տեղակայված, հայ հիմնադիրներ ունեցող, տեսախցիկների արտադրությամբ  զբաղվող Sub2r ընկերությունում: Ընկերությունը Հայաստանից աշխատող երկու աշխատակից ինժեներ արդեն ունի և մտադիր է շարունակել ընդլայնել իր գործունեությունը: ՁԻՀ ներկայացուցիչների հետ քննարկվել են Sub2r-ի՝ Ինժեներական քաղաքում գործող ընկերությունների հետ համագործակցության, ինչպես նաև Հայաստանի ներուժի գործածմամբ ընկերության վաճառքի ծավալների ավելացման հնարավորությունները:   

Այցի շրջանակում ՁԻՀ ներկայացուցիչները այցելել են նաև Սան Խոսեի պետական համալսարան՝ քննարկելու ԵՊՀ-ում տվյալագիտության մագիստրոսական համատեղ ծրագրի ներդրման առաջիկա քայլերը: