Հայտնի են Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի հաղթողները

Հայտնի  են Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի հաղթողները

Մայիսի 11-ին անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի (ՊՔՀՄ) կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը։ Կիսաեզրափակիչին մասնակցեց 12 թիմ հանրապետության տարբեր քաղաքներից` յոթ թիմ Երևանից, երկու թիմ Գյումրուց, մեկական թիմ Վանաձորից, Աբովյանից և Մասիսից: Եզրափակիչ փուլ անցան «Հերացի» ավագ դպրոցի երեք թիմերը՝ «Հերացին», «Օգանեսոնը», «Հելիումը», և Վանաձորի «Էվրիկա» դպրոցի «Էվրիկա» թիմը: Թեժ «քիմիական» պայքարում առաջին տեղը զբաղեցրեց «Հերացի» թիմը։ 

ՊՔՀՄ-ն փոխգործուն խաղի ձևով ներկայացվող թիմային մրցույթ է, որտեղ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր խնդիրներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ, անում իրենց առաջին գիտական հայտնագործությունները: Մրցաշարի նպատակն է՝ ներգրավել աշակերտներին գործնական աշխատանքների մեջ, նպաստել նրանց ստեղծագործական կարողությունների և գիտական քննարկումներ վարելու հմտությունների զարգացմանը, խթանել քիմիայի արտադասարանական աշխատանքները: Մրցաշարի ժյուրին կազմված է տարբեր բուհերի դասախոսներից, մրցաշարի նախկին մասնակիցներից, երիտասարդ գիտաշխատողներից, դպրոցի ուսուցիչներից և այլ մասնագետներից: Ժյուրիի նախագահ տիկին Նարինե Դուրգարյանը շեշտում է այն կարևոր առաքելությունը, որ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարն իրականացնում է. «Իսկապես հայրենանվեր աշխատանք է իրականացնում մրցաշարը, «ստիպում է» աշակերտներին սիրել քիմիան, գիտությունը։ Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ մրցույթի շնորհիվ աշակերտներն ընտրում են քիմիան որպես մասնագիտություն, օրինակ՝ իմ ուսանողուհին՝ Շուշանիկը, որը մրցույթի շնորհիվ որոշել է քիմիայի ուսուցչուհի դառնալ»։

ՊՔՀՄ-ն այս տարի իր շուրջն էր համախմբել 34 թիմի 170 աշակերտի։