Եվրոպացի ներդրողները Երևանում են․ կայացավ բիզնես հրեշտակների կոնֆերանսը

Եվրոպացի ներդրողները Երևանում են․ կայացավ բիզնես հրեշտակների կոնֆերանսը

Երեկ Երևանում կայացավ բիզնես հրեշտակների կոնֆերանս, որին մասնակցում էին ինչպես ոլորտի հայաստանյան ներկայացուցիչներ, այնպես էլ՝ եվրոպացի ներդրողներ։ Կոնֆերանսը նվիրված էր BANA` Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի, երկու ամյակին։ Ներդրումային համաժողովի հատուկ հյուրն էր Crosspring վերնչուրային հիմնադրամի տնօրեն Մորիս Բեքենդը և Մադրիդի բիզնես հրեշտակների ցանցի համահիմնադիր Ջեսուս Լոզանոն։

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ «վերջին երկու տարիների ընթացքում հրեշտակ ներդրողները մոտ 8 ընկերություն են ֆինանսավորել՝ բիզնեսը զարգացնելու ու առաջ տանելու համար։ Ակտիվ բանակցություններ են գնում ևս մի քանի ընկերությունների հետ, որոնցով հետաքրքրված են ներդրողները։ Ուրախալի է, որ հրեշտակ ներդրողների ինստիտուտը զարգանում է և թվերը գնալով աճում են ամեն ամիս, ոչ թե տարին տարվա վրա»։

Գրիգոր Հովհաննիսյանը կարևորում է հրեշտակ ներդրողների ինտիտուտի առկայությունը Հայաստանում, քանի որ կարծում է՝ ներդրումներ կատարելը վաղ փուլում շատ կարևոր է նոր ստեղծված բիզնեսի համար՝ չնայած գումար կորցնելու ռիսկերը  մեծ են, սակայն վերջում ստացած շահույթը՝ բավական մեծ։

«Նման ներդրումները կարևոր են, որ արվեն հայկական ստարտափների մեջ, որովհետև  ստարտափները չեն գնում Հայաստանից՝ ներդրումներ  և գումար փնտրելու, այլ մնում ու գործունեություն են ծավալում այստեղ։ Բնականաբար, հարկատու են դառնում Հայաստանին և նպաստում տնտեսության աճին։ Սա լավ է, որովհետև արտասահմանցի  շատ  բիզնես հրեշտակներ նախքան ներդրումներ կատարելը պահանջում են տվյալ ընկերությանը գրանցվել այդ երկրում, սա, իհարկե, վնաս է  մեր տնտեսությանը»։,- նշում է BANA-ի հիմնադիրը։

Մոտ 2 ժամ տևած կոնֆերանսի ընթացքում ներկաները հանդես եկան ինչպես շնորհավորանքի, շնորհակալական խոսքով, այլ նաև խորհուրդներով, պատմեցին իրենց անցած ճանապարհի ու փորձի մասին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո Դե Լա Ռոսան իր խոսքում նշեց, որ «Կառավարության կառուցվածքի փոփոխությունն ու ՏՏ առանձին նախարարության ձևավորումը դրական ազդեցություն կունենա հետագա համագործակցության համար և այդ համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ ու ստարտափների ճանապարհն էլ կլինի ավելի հարթ»։

«Աջակցություն ՓՄՁ զարգամանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը նույնպես ելույթ ունեցավ, նշեց, որ Հայաստանում ներդրումներ կատարելու մասին երբևէ չեն մտածել և հավելեց․

«Մենք մեր աշխատանքի սկզբում հայտնաբերեցինք, որ Հայաստանում հրեշտակ ներդրողների ցանց չկա ու շատ ուրախ ենք, որ այս մի քանի հրեշտակ ներդրողները համաձայնեցին քայլեր անել Հայաստանում ու ստարտափներ ֆինանսավորել։ Ստարտափներն օգնության կարիք ունեն և կարևոր է խելացի մարդկանց ներգրավել այստեղ։ Գումար հատկացնելը այս ոլորտում կարևոր օգնություններից մեկն է»։

Ելույթներից հետո ներկաները բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան, որի ընթացքում քննարկվեցին ճիշտ ժամանակին ներդրումներ կատարելու, ռիսկերի ու կրթության կարևորության մասին հարցերը։

Սյուզան Թոսունյան