Հայտնի են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական ավտանգության հաքաթոնի արդյունքները

Հայտնի են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական ավտանգության հաքաթոնի արդյունքները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ռազմավարության «Պետությունը՝ որպես պատվիրատու» (e-Gov) ուղղության աշխատանքների շրջանակում ԱՏՁՄ-ն և միության անդամ ArmSec Հիմնադրամը նախաձեռնել են Bug Bounty: e-Gov հաքաթոն՝ բացահայտելու եւ մշակելու ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիություններն ու դրանց լուծման հնարավորությունները: 

Bug Bounty: e-Gov հաքաթոնն անց է կացվել «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում 6 թիմի (շուրջ 30 մասնագետների) մասնակցությամբ եւ տեւել է 20 ժամ:  Պետական համակարգի խոցելիություններ հայտնաբերած լավագույնների եռյակում են NGG, Հայդուկ եւ Bug Hunters թիմերը: Մրցանակային ֆոնդը կազմում է 2000 դոլարին համարժեք դրամ, որը սահմանել են հաքաթոնի աջակիցներ VXSoft եւ Grant Thornton Armenia ընկերությունները: ԱՏՁՄ անդամ` Grant Thornton Armenia ընկերություն ապահովում է նաեւ պրակտիկայի հնարավորություն:

«Սա թերեւս պետության եւ «սպիտակ գլխարկով» հաքերների համագործակցության` համակարգի տեստավորման ու խնդիրների բացահայտման առաջին նախադեպն է այս ձեւաչափով», – նշում է Սամվել Մարտիրոսյանը:

«Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է աջակցում e-Gov հաքաթոնի իրականացմանը, որի գաղափարը դեռ տարիներ առաջ է ձևավորվել հայաստանյան ՏՀՏ համայնքում: Այս կարևոր նախագծում ամբողջական տեխնիկական աջակցությամբ ենք հանդես գալիս` տրամադրելով ամպային լուծումներ, ինտերնետ և այլն», – Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Մենք գտնվում ենք հիբրիդային տիպի պատերազմի պայմաններում եւ կարեւոր է հաղթել մարտի բոլոր դաշտերում՝ այդ թվում տեղեկատվական ազդեցության եւ կիբեռանվտանգության ոլորտներում», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Bug Bounty: e-Gov հաքաթոնի շրջանակում ԱՏՁՄ-ի` ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի` ի դեմս տնօրեն Լևոն Պետրոսյանի միջեւ կնքվել է  Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու գործընթացներում համագործակցության մասին հուշագիր:

Նշենք, որ Bug Bounty: e-Gov հաքաթոնը անցկացվել է ԱՏՁՄ-ի եւ ArmSec հիմնադրամի կողմից հունիսի 28-ից 29-ը: Հաքաթոնի աջակիցներն են «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը, Ucom, VXSoft, Grant Thornton Armenia  եւ 1Guard ընկերությունները:

Թեգեր: Bug Bounty: e-Gov, UATE