Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է:

Նախարար Հակոբ Արշակյանը Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ – Ջավադ Ազարի Ջահրոմիի հրավերով հուլիսի 17-19-ը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին, որի բացմանը ներկա է եղել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանից, Իրաքից, Ադրբեջանից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում նախարար Արշակյանը մասնակցել է իրանական ամենախոշոր էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի «ELCOMP-2019» 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը։

«ELCOMP»-ը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում իրանական շուկայի ամենախոշոր առևտրային և տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ ավելի քան 20 երկրներից։

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ – Ջավադ Ազարի Ջահրոմիի ուղեկցությամբ նախարար Արշակյանը՝ մի շարք այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։

Այցի շրջանակներում Իրանի գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սատտարին նախարար Արշակյանին, Իրաքի կապի նախարար Նաիմ Ալ-Ռուբայեին է ներկայացրել վերջին տարիներին իրանական ընկերությունների տեխնոլոգիական ձեռքբերումները։

Նախատեսվում է նաև նախարար Արշակյանի և Իրանի նախարար Ջահրոմիի երկկողմ հանդիպումը։