Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է դանդաղեցնել ուղեղի ծերացումը

Իմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի գիտնականներն ուղեղի ծերացման գործընթացը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել՝ ուսումնասիրելով ակտիվ կենսակերպի և չափավոր սննդակարգի ազդեցությունը ուղեղի գլիալ բջիջների ակտիվության և նեյրոնային կապերն ամրապնդելու դրանց հատկության վրա:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով համալսարանի հաղորդագրությանը, հետազոտության հեղինակները լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են համապատասխան նյարդային բջիջների կարողությունն ազդելու ուղեղի երիտասարդության պահպանման վրա:

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ ակտիվ կենսակերպը կարող է արդյունավետ կանխարգելիչ միջոց դառնալ նյարդոդեգեներատիվ հիվանդությունների համար, ինչպես օրինակ՝ թուլամտության:

Մարդու գլխուղեղը 90 մլրդ նեյրոն է պարունակում, որոնք տեղեկության պահպանման և փոխանցման համար նախատեսված բջիջներն են: Նեյրոնների՝ էլեկտրական ազդակներով միմյանց հետ շփման վայրը կոչվում է սինապս: Տարիների հետ սինապսիկ կապերը փոփոխվում են՝ կամ ամրանալով, կամ թուլանալով: Իսկ որպես էներգիայի աղբյուր՝ նեյրոնների համար ծառայում են գլիալ բջիջները:

Աղբյուրը՝ Tert.am