Armenia Guide զբոսաշրջային հարթակը՝ ինովացիոն ֆորումի հաղթող

Վիրտուալ բազմարժույթային քարտը կօգնի Հայաստան այցելած զբոսաշրջիկներին և Հայաստանի քաղաքացիներին ընդլայնել ճամփորդության հնարավորությունները

Armenia Guide հարթակի «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը լավագույն նորարարական ստարտափ լուծում է ճանաչվել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «ՎՏԲ-Վիզա 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորում»-ի շրջանակներում անցկացված մրցույթում: Նշենք, որ Armenia Guide հարթակը Armenian Assembly հասարակական կազմակերպության նախագծերից մեկն է:

Armenia Guide հավելվածը Հայաստանի զբոսաշրջիկների և բնակիչների համար նախատեսված յուրօրինակ ուղեցույց է, որը ներկայացնում է երկրի տեսարժան վայրերը, միջոցառումները, ռեստորանները, տարատեսակ երթուղիները և այլն: Նպատակ ունելալով զարգացնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտը թվային տիրույթում՝ հավելվածը կապահովի ոլորտի ծառայությունների ամբողջական շրջափուլը՝ նպատակային բովադակության և վիրտուալ բազմարժութային տուրիստական քարտի ներդրման միջոցով:

«Մենք շատ ուրախ ենք, որ Armenia Guide բջջային հավելվածը կօգնի է՛լ ավելի լավ ճանաչել Հայաստանը, երկրից ստանալ է՛լ ավելի մեծ տպավորություններ ու զգացողություններ՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու: Մենք վստահ ենք, որ այս մրցանակը նոր հորիզոններ կբացի՝ թվային ոլորտում Հայաստանի զբոսաշրջության դիրքերն ամրապնդելու համար», – նշում է Armenian Assembly-ի թիմը:

Մրցույթի արդյունքների հիման վրա՝ Armenia Guide-ը շուտով կգործարկի Հայաստանի վիրտուալ բազմարժութային զբոսաշրջային քարտը՝ ՎՏԲ բանկում Visa միջազգային վճարային համակարգի աջակցությամբ: Հետագայում ակնկալվում է նախագիծն ընդլայնել նաև ՎՏԲ գրուպի այլ դուստր բանկերում:

Հավելվածը լավագույնն է ճանաչվել մրցույթում, որտեղ ներկայացված էին մանրածախ բիզնեսի զարգացման և թվայնացման նորարարական լուծումներ՝ ԱՊՀ երկրներներից, Վրաստաննից, նաև Visa միջազգային վճարային համակարգի գործունեության երկրներից:

Վիրտուալ քարտը Հայաստանի զբոսաշրջիկներին և բնակիչներին հնարավորություն կընձեռի անմիջապես հավելվածի միջոցով գնել զբոսաշրջային և ժամանցային ծառայություններ (միջոցառումների տոմսեր, հյուրանոցային համարների և ռեստորաններում սեղանների ամրագրում, տուրեր և այլն), ակնթարթորեն ձևակերպել անձնական վիրտուալ քարտ՝ անցնելով նույնականացում հեռահար եղանակով՝ տեսազանգի միջոցով, անմիջապես հավելվածից, միաժամանակ օգտվել 4 արժութային հաշվից (AMD, USD, EUR, RUR), արտերկրից կատարել փոխանցումներ քարտին և ստանալ արտարժույթի արտոնյալ փոխարժեքներ՝ տարբեր ծառայությունների դիմաց վիրտուալ քարտով վճարման դեպքում: Կատարված գործարքների արդյունքում օգտատերերը կկուտակեն բոնուսային միավորներ՝ հնարավորություն ունենալով դրանք հետագայում փոխանակել համագործակցող կազմակերպությունների ապրանք-ծառայությունների հետ:

Armenia Guide հավելվածի նպատակն է միավորել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաքելությամբ, ընդարձակել Հայաստանի թե՛ ներգնա և թե՛ արտագնա տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկը՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական շրջափուլը:

Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Հավելվածը զբոսաշրջիկներին և տեղացիներին ներկայացնում է երկրի ամենասպասված միջոցառումները, հետաքրքիր երթուղիները և գլխավոր տեսարժան վայրերը: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Armenian Assembly-ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալական ձեռներեցության նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: Իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 10 նախագծի՝ Հայաստանում և Ռուսաստանում: