Բեռլինում առանց վարորդի միկրոավտոբուս է գործարկվել

Բեռլինի բնակիչներին առաջարկում են փորձարկել ինքնակառավարվող էլեկտրական միկրոավտոբուսը, որի փորձնական գործարկումը օգոստոսի 16-ին իրականացվել է Գերմանիայի մայրաքաղաքի երթուղիներից մեկում, գրում է DW-ն:

Վեց տեղանոց էլեկտրական ավտոբուսը փորձարկվել է Բեռլինի Տեգել շրջանում գտնվող մետրոյի 6-րդ գծի կայարանի և Տեգելի լճի առափնյա հատվածի միջև: 

«Ավտոբուսն ընթանում է նախապես սահմանված 1,2 կմ երկարությամբ երթուղով։ Այն կանգ է առնում բոլոր չորս կանգառներում՝ ամեն անգամ բացելով դռները մուտքի և ելքի համար: Միկրոավտոբուսի արագությունը չի գերազանցում 15 կմ/ժ-ը»,- ասված է Բեռլինի BVG տրանսպորտային ընկերության մամուլի տեղեկագրում:

Հաղորդվում է, որ միկրոավտոբուսով շրջելու համար տոմս անհրաժեշտ չէ: Փորձարկումները կտևեն մինչև տարեվերջ, որից հետո եզրակացության կգան այն մասին, թե ինչպես է գործում տրանսպորտային միջոցը, ինչպես են դրա սենսորներն արձագանքում շրջակա միջավայրին և եղանակին, և ինչպես են ուղևորները վերաբերում առանց վարորդի ուղևորություններին: