«Կենգուրուի» հաղթողները մասնակցել են մաթեմատիկական միջազգային ճամբարի

«Կենգուրու 2019» մրցույթի երեք հաղթողները՝ Մերին, Գագիկն ու Ծովակը, օգոստոսի 5-14-ը Լեհաստանի Զակոպանե քաղաքում մասնակցում էին միջազգային մաթեմատիկական ճամբարի, որտեղ նրանց սպասում էին հետաքրքրաշարժ ու անմոռանալի օրեր՝ էքսկուրսիաներ, փոքրիկ արշավներ, մաթեմատիկական մրցույթներ, խաղեր և ուրախ ժամանց: Այո՛, «Կենգուրուի» հաղթանակը նաև այսպիսի հորիզոններ է բացում. ի թիվս այլ նվերների՝ մեր հաղթողները որպես գլխավոր մրցանակ ստացել էին «Կենգուրու» միջազգային ամառային ճամբարի ուղեգիր՝ այդպիսով հնարավորություն ստանալով վայելելու իրենց հաղթանակը, շփվելու «Կենգուրուի»՝ այլ երկրներից ժամանած հաղթողների հետ, ունենալու նոր ձեռքբերումներ ու տպավորություններ։

Հիշեցնենք, որ որպես գլխավոր մրցանակ միջազգային ամառային ճամբարի ուղեգիր ստանում են «Կենգուրու» մրցույթի այն հաղթողները, որոնց 12 տարին լրացել է տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ և ովքեր տիրապետում են անգլերենին: Միջազգային այս ճամբարի միջոցով «Այբ» կրթական հիմնադրամը հնարավորություն է տալիս մեր երեխաներին շփվելու այլ երկրների իրենց հասակակից երեխաների հետ, նորովի փորձելու իրենց գիտելիքները, վայելելու իրենց հաղթանակն ու ամառային հանգիստը և մշակութային ու մաթեմատիկական նոր գիտելիքներով վերադառնալու հայրենիք։

«Մենք ամենափոքր թիմն ունեինք, սակայն մեր մասնակիցները բոլոր մրցույթներում ու խաղերում ամենաակտիվն էին։ Մեր Գագիկն արժանացավ հատուկ մրցանակի՝ ամենափոքր, սակայն ամենաակտիվ մասնակիցը լինելու համար։ Մերին նվաճեց երրորդ կարգի 2 մրցանակ։ Ճամբարի փոքրերի խմբում մեր մասնակիցներն ամենալավ լուծումն էին առաջարկել առաջադրված խնդիրների համար, ուստի նրանք իրենց լուծումները ներկայացրին ճամբարի բոլոր մասնակիցներին»,- պատմում է «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Այվազյանը։

Ուրախ ժամանցից բացի՝ «Կենգուրուի» հաղթողները նաև ներկայացրին Հայաստանը՝ ճամբարի մշակութային երեկոների ընթացքում պատմելով հայկական գյուտերի ու այբուբենի մասին, ինչպես նաև բոլոր մասնակիցների հետ փափուռի պարելով։

«Որպես «Կենգուրուի» հաղթող նոր եմ վերադարձել Լեհաստանի ճամբարից։ Շատ տպավորված եմ, որովհետև Զակոպանեն շատ գեղեցիկ քաղաք էր։ Մենք ունեցանք արշավներ, լեռնագնացություններ, էքսկուրսիաներ, որոնք շատ հետաքրքիր էին։ Այդ պատճառով ես չէի ուզում վերադառնալ ճամբարից։ Շնորհակալություն «Այբ» հիմնադրամին, որ մեզ հնարավորություն տվեց գնալու ճամբար և վերադառնալու անմոռանալի տպավորություններով»։

Ծովակ Եգորյան, «Կենգուրու 2019»-ի հաղթող

«Մենք մասնակցում էինք արշավների, որոնք բավականին տպավորիչ էին, լսում դասախոսություններ, իսկ երեկոյան խաղում հետաքրքրաշարժ խաղեր։ Հատկապես տպավորված եմ քարանձավով, որի նմանը ես երբևէ չէի տեսել։ Իսկ մաթեմատիկական մրցույթները հնարավորություն էին տալիս փորձելու մեր ուժերը լավագույնների մեջ, և ես կարողացա ստանալ երրորդ կարգի  2 մրցանակ»։

Մերի Բադալյան, «Կենգուրու 2019»-ի հաղթող

«Ես «Կենգուրուի» եռակի հաղթող Գագիկ Գևորգյանն եմ։ Արշավներ, զանազան խաղեր և մրցույթներ, ինչպես նաև մաթեմատիկական դասընթացներ. ահա թե ինչպես էին անցնում մեր օրերը ճամբարում։ Սակայն ինձ համար ամենակարևոր ձեռքբերումը նոր ընկերական շրջապատն էր, հնարավորությունը շփվելու այլազգի խելացի երեխաների հետ։ Ես Զակոպանեում ձեռք բերեցի նոր ընկերներ և գիտելիքներ»։

Գագիկ Գևորգյան, «Կենգուրու 2019»-ի հաղթող

«Այբ» կրթական հիմնադրամը կարևորում է այսպիսի միջազգային ծրագրերին մեր երեխաների մասնակցությունը և դրանցում մեր երկրի ներկայացումը։ Մենք հավատում ենք, որ որակյալ կրթությունն ու լավագույն արդյունքները կարող են  նոր հնարավորություններ ու ապագայի տեսլական ստեղծել մեր երեխաների համար։