Ձեռքերի երակների գծապատկերը կպարզի մարդկանց ինքնությունը. նոր տեխնոլոգիայի հետքերով

Չինացի ինժեներները մշակել են նոր տեխնոլոգիա՝ AirWave , ըստ որի հնարավոր է հեռակա պարզել մարդու ինքնությունը ձեռքերի երակների և մազանոթների գծապատկերի միջոցով: Յուրաքանչյուրին բնորոշ է առանձնահատուկ պատկեր,վստահեցնում են նրանք:

Այն աշխատում է հետևյալ կերպ. տեսախցիկը ձեռքի վրա ֆիքսում է երակներն ու մազանոթները, որից հետո արհեստական ինտելեկտը մշակում է առկա տվյալները: Հետագա նույնականացման համար անհրաժեշտ է լինում միայն թափահարել ձեռքը: Համակարգը հայտնաբերում է նկարը, այն համեմատում է տվյալների բազայում առկա տեղեկությունների հետ և պարզում անհատի ինքնությունը: Այս ամենը տևում է սոսկ մի քանի վայրկյան:

Հաղորդվում է, որ AirWave-ն արդեն գործարկվում է Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգի մի քանի սրճարաններում և պետական հաստատություններում: Մասնագետները նախատեսում են այն տեղակայել նաև մետրոյում։ Նրանք հույս ունեն, որ մի օր այդ տեխնոլոգիան կփոխարինի դեմքերի ճանաչման տեխնոլոգիական հնարքին ու QR կոդերին: