Այս տարի WCIT-ը ավելի երիտասարդական ստացվեց. Կարեն Վարդանյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դրական միտում է տեսնում, որ Հայաստանում անցկացվող WCIT-ին այս տարի ներգրավվել են ավելի մեծ թվով երիտասարդ ու նոր դեմքեր: Այս հանգամանքով է պայմանավորված նաև այն, որ հայաստանյան WCIT-ը էականորեն տարբերվել է նախորդ տարիներին անցկացված ՏՏ հավաքներից:

«Շատ թարմ օրակարգ էր, շատ թարմ ու ժամանակակից դեմքեր էին, այդ առումով Հայաստանում անցկացվող WCIT-ն էականորեն տարբերվեց նախորդ WCIT-ներից: Նախկինում ավելի հասուն տարիքի դեմքեր էին ներկայացված, սա ստացվեց ավելի երիտասարդական WCIT»,- նշել է նա՝ լրագրողների հետ ունեցած համդիպման ժամանակ:

Գրանցվել է նաև մասնակցության աննախադեպ մեծ թիվ: Այս կապակցությամբ Կարեն Վարդանյանը նշել է, որ աշխատել են այնպես անել, որ ներգրավված լինեն ներկայացուցիչներ՝ հայաստանյան ՏՏ գրեթե բոլոր ոլորտներից: Շատ մեծ է եղել Հայաստանում նաև հենց ներքին մասնակցությունը: