Տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, դեռ արդյունաբերական հեղափոխության սկզբից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ: Մարդկանց մտահոգությունը հետևյալն էր՝ եթե սարքավորումները, հաստոցներն անում են մարդկանց աշխատանքը, ապա ինչով պետք է զբաղվեն իրենք: « Սակայն պարզվեց, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, առաջին հերթին ազատվում է մարդու միտքը: Եվ այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Հետևաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է»,- իր ելույթի խոսքում նշեց նա:

Վարչապետի խոսքով, ինովացիա ասելով առաջին հերթին պետք է նկատի ունենալ մտքի, մտածողության ինովացիա, որը իրականում փոխում է աշխարհը: « Շատ դեպքերում ինովացիա, տեխնոլոգիաներ ասելով հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ կամ նույնիսկ ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ, զարգանում է մարդու միտքը: Բոլոր IT արտադրանքները մարդու մտքի արգասիքն են»,-ընգծեց նա:

Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ը (GIF19): Այս տարի ֆորումը կրում է« Transforming Intelligence» կամ « Վերափոխելով բանականությունը» խորագիրը: Այն կտևի մինչև հոկտեմբերի 18-ը:

: