Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Mitsubishi Heavy Industries ընկերություն

Աշխատանքային այցով Ճապոնիայում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահն այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ Վերջինս պատիվ է համարել ՀՀ նախագահին հյուրընկալելը:

Արմեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ նպատակ ունի Հայաստանում զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա:

Կողմերը խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries -ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

Նախագահ Սարգսյանն ընկերության ղեկավարությանը հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին։