Մեկ տասնյակ փաստ, որ պետք է իմանալ GIF19-ի՝ գլոբալ ինովացիոն ֆորումի մասին

Մեկ տասնյակ փաստ, որ պետք է իմանալ GIF19-ի՝ գլոբալ ինովացիոն ֆորումի մասին

«Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF19),հոկտեմբերի 16-18-ը ընդունեց աշխարհի 20 երկրների ավելի քան 90 առաջատար գիտնականների, նորարարության և բիզնես ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների: Ներկայացնում ենք 10 փաստ, որ պետք է իմանալ այս ֆանտաստիկ և կարևոր իրադարձության մասին։

1. GIF19-ը՝ հարթակ է

GIF19-ի շուրջ պտտվող ամենատարածված քննարկումն է՝ արդյոք միջոցառումը գիտաժողով է, թե՞ բիզնես էքսպո։ Հարցերը տեղին են․ իրականում GIF19-ը ոչ կոնֆերանս է, ոչ էլ ցուցահանդես։ GIF19-ը բացառիկ հարթակ է, որը համախմբում է գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև։

2. GIF19-ի գլխավոր թեման Արհեստական Բանականությունն է

Իրացրե՛ք ապագան, այն արդեն այսօր է։ ԱԲ-ը զարգանում է լույսի արագությամբ․ մենք այն օգտագործում ենք ամեն օր` հաճախ նույնիսկ չգիտակցելով այդ փաստը։ Գիտե՞ք որ, օրինակ՝

· ԱԲ-ն արդեն կարող է սրտի նույնիսկ մեկ բաբախյունից 100% ճշգրտությամբ ախտորոշել սրտի անբավարարությունը:

· Ամեն անգամ, երբ Facebook-ում կամ YouTube-ում գովազդ եք տեսնում, իմացե՛ք, որ ձեզ այն ցույց տալու «որոշումը» արհեստական բանականությանն է:

3. GIF19-ը բացահայտում է արհեստական բանականության մասին բոլոր միֆերը

ԱԲ-ի հետ մասնագիտական առնչություն չունեցող մարդիկ հաճախ բացասական ընկալումներ ունեն դրա մասին: GIF19-ի կարևոր առաքելություններից մեկը Արհեստական Բանականության մասին տեղեկացվածության բարձրացումն է, որը թույլ կտա մարդկանց «ընկերանալ» շատ մոտ ապագայի հետ։ Հիշում եք, չէ՞․ իրացրե՛ք ապագան։

4. GIF19-ը միավորում է գիտության ոլորտի ամենահայտնի հեղինակություններին

GIF19-ի մասնակիցների թվում են 126-H-ինդեքս ունեցող գիտնականներ։ Այս փաստը ոգևորիչ է և կարևոր․ H-index՝ Հիրշի ինդեքսը գիտաչափական միջազգային ցուցիչ է, ըստ որի սահմանվում է գիտնականի աշխատությունների ցիտվածության հաճախականությունը այլ հեղինակների գիտական աշխատություններում։

5. GIF19-ը բացահայտում է մեքենայական ուսուցման կիրառությունը

Մեքենայական ուսուցումը արհեստական բանականության ենթաճյուղերից է, սակայն «զավեշտն» այն է, որ ԱԲ-ը մեքենայական ուսուցում չի:

GIF19-ի ընթացքում մեքենայական ուսուցման հարցերին անդրադարձան Google DeepMind-ի 5 հետազոտողներ` Ալեքս Գրեյվսն, Ալի Էսլամին, Աննա Հարությունյանը, Իրինա Հիգգենսը, Միխալ Վալկոն: Ալեքս Գրեյվսի գիտական հայտնագործությունները նպաստել են ձեռագրերի ճանաչման, տեքստից խոսք փոխարկման ալգորիթմների ստեղծմանը: Իսկ Ալի Էսլամին և Իրինա Հիգենսը հետազոտում են համակարգիչների գործունեության մեջ մարդկային հսկողության նվազման հնարավորությունները և մշակում համապատասխան ալգորիթմներ: Աննա Հարությունյանը և Միխալ Վալկոն աշխատում են մեքենայական ուսուցման ալգորիթմների արդյունավետության և ճշգրտության բարելավման ուղղությամբ:

6. GIF19-ը պարզաբանում է, թե ինչու է տվյալագիտությունը համարվում նոր «սև ոսկի»

Եթե նախորդ դարի արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց էլեկտրականությունից, ապա ԱԲ-ն այսօրվա և ապագայի փոխակերպման շարժիչն է, որի հիմքն է 21-րդ դարի «սև ոսկին»՝ տվյալները։ Իրականում նույնիսկ ամենաառաջադեմ ալգորիթմների և հաշվարկման հնարավորությունների ճշգրտությունը մեծապես կախված են իրական աշխարհի իրական տվյալների մուտքից: Ուստի, ով տիրապետի այդ բազային, նա էլ կդառնա «տվյալների տիրակալը»:

7. GIF19-ն անցկացվեց Հայաստանում, քանի որ․․․

Հայաստանն աշխարհի ինովացիոն քարտեզի տվյալագիտության, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ամենահզոր ներուժ ունեցող երկրներից է։ Այս փոքր երկիրն օր- օրի էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում ներդրողների մոտ։ Պատճառները երկուսն են․ Հայաստանն ունի տարածաշրջանի ինովացիոն հանգույցի վերածվելու բոլոր նախադրյալները։ Երկրորդ՝ փոքր երկրում ներդրումային արդյունքները տեսանելի են կարճաժամկետ ժամանակահատվածում, ինչն էլ ավելի գրավիչ է ներդրումների տեսանկյունից:

8. GIF19-ում տեղյակ են, թե ինչպես են հետագա սերունդները կերտելու ապագան

Ողջունեք Ալֆա սերունդը․ այն երեխաներին, որոնք ծնվել են 2010-2025 թթ․ հատվածում։ Ինչո՞ւ. երբ խոսում ենք ապագայի մասին, կարևոր են հատկապես Ալֆաները։ Տեսե՛ք՝ Միլլենիալներն արդեն հասել են հասուն տարիքի, Z-սերունդը չափահաս է, իսկ Ալֆաները նրանք են, որոնք ձևավորելու են մեր ԱԲ-ապագան, և հենց նրանք են արհեստական բանականության հետ «դու»-ով խոսելու։

9. GIF19-ը ներկայացրեց հետաքրքիր և յուրօրինակ ձևաչափեր

GIF19-ի քննարկումների ձևաչափերը մարտահրավեր են յուրաքանչյուրի ստեղծարար մտքին, քանի որ ավանդական խորքային գիտական քննարկումների հետ մեկտեղ GIF19-ի ընթացքում կիրառվեց նաև Fishbowl session-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձևաչափ, որը թույլ է տալիս ներգրավել քննարկման բոլոր մասնակիցներին։ Սա նշանակում է, որ դուք Ֆորումի զուտ ունկնդիրը չեք, այլ՝ լիարժեք մասնակիցը:

10. Եվ, վերջապես, GIF19-ի ընթացքում ֆորումի կազմակերպչական թիմը՝

Գրեց մեկ ու կես միլիոն նամակ, հազար անքուն գիշեր անցկացրեց, ըմպեց հարյուր հիսուն լիտր սուրճ և ստացավ մեկ տոննա մոտիվացիա ու ոգեշնչում :