Հայաստանն առցանց ազատության առումով Եվրասիայի առաջատարն է. Freedom House

Հայաստանն  առցանց ազատության առումով Եվրասիայի առաջատարն է. Freedom House

Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: ՀՀ-ը առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն բոլոր հարևաններից, այլև առցանց ոլորտի առաջատար համարվող Ճապոնիայից և Հարավային Կորեայից:

Առցանց ազատության հիմնական չափանիշները երեքն են. առցանց մուտքի իրավունքի սահմանափակումներ, առցանց բովանդակության սահմանափակումներ և առցանց իրավունքների խախտում:

2019 թվականի զեկույցը վերնագրված է «Սոցիալական մեդիայի ճգնաժամ», քանի որ, ըստ զեկույցի հեղինակների, աշխարհով մեկ կառավարությունները մեծացող հաճախականությամբ են օգտագործում սոցցանցերի ընձեռված հնարավորությունները սեփական կամ այլ երկրների քաղաքացիների շրջանում կեղծ լրատվություն տարածելու, ընտրություններ կեղծելու և մարդկանց հետևելու նպատակով: Արդյունքում՝ գլոբալ առցանց ազատությունն արդեն 9-րդ տարին անընդմեջ անկում է ապրում:

Զեկույցի համաձայն, այսօր ինտերնետից օգտվող 3.8 միլիարդ մարդկանց 89 տոկոսի նկատմամբ իրենց սեփական կամ որևէ այլ երկրի կառավարության կողմից հսկողություն է սահմանված առցանց ոլորտում: 2019-ին ինտերնետից օգտվող բնակչության միայն 24 տոկոսն է գտնվում ազատ ինտերնետ ունեցող երկրներում: Առցանց ազատության ոլորտում լավագույնն է իրավիճակը Իսլանդիայում, Էստոնիայում և Կանադայում: Առավել անազատ ինտերնետ ունեցող երկրներն են Սիրիան, Իրանը և Չինաստանը: Վրաստանը, որը զիջում է Հայաստանին մեկ կետով, ազատ ինտերնետ ունեցող երկիր է, մինչդեռ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանն աշխարհի երկրների երրորդ քառյակում են՝ անազատ: Հայաստանը՝ Արգենտինայի, Կանադայի, Էստոնիայի և Իսլանդիայի հետ մեկտեղ հայտնվել է աշխարհի 5 եզակի երկրների ցուցակում, որոնց կառավարությունները որևէ քայլ չեն ձեռնարկել առցանց ոլորտը սահմանափակելու ուղղությամբ:

Նախկինում, բացառությամբ 2017-ի, Հայաստանը նույնպես ճանաչվել էր առցանց ոլորտում ազատ երկիր, սակայն, աշխարհում համացանցի ազատության դասակարգման մեջ, 8-րդ տեղը զբաղեցնում է առաջին անգամ: