41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Հայաստանում առաջին անգամ նոյեմբերի 9-ին տեղի կունենա ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը, որն անցկացվելու է «Խելացի քաղաք» խորագրի ներքո: Միջոցառման նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

Մրցույթին հաստատապես կմասնակցեն 41 թիմ աշխարհի մի շարք երկրներից, որոնց թվում են՝ Եթովպիան, Բոսնիան և Հերցեգովինան, Վրաստանն ու Մադագասկարը:

«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս միավորում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ: Նրանց թվում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

Robotex Armenia  մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը:

Թեգեր: Robotex Armenia