Չինաստանը կփորձի օր առաջ անցում կատարել 6G կապին

Չինաստանը կփորձի օր առաջ անցում կատարել  6G կապին

Չինաստանը պատրաստվում է բջջային կապի 6-րդ սերնդի գործարկմանը, մինչ աշխարհը դեռ նոր փորձում է անցում կատարել 5-րդ սերնդի կապին: Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է աշխատանքային երկու խմբերի ստեղծման մասին, որոնք հետազոտելու են 6G-ի ներդրման հնարավորությունները,տեղեկացնում է Hightech+-ը:

Չինացի պրովայդերները միայն վերջերս են հայտարարել 5G-ի սակագները։ Մինչև տարեվերջ ՉԺՀ-ում նախատեսում են շահագործման հանձնել ավելի քան 130 հազար բազային կայաններ, որոնք կօգնեն կառուցել աշխարհում հինգերորդ սերնդի կապի ամենամեծ ցանցերից մեկը։ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը նույնպես ձգտում են հետ չմնալ։

Հինգերորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիան տասն անգամ կարագացնի ֆայլերի փոխանցումը 4G-ի համեմատ, որը ստեղծվել է 2009 թվականին։ Առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես կփոխվի կյանքը 5G-ի հայտնվելուց հետո: Օգտատերերը, առաջին հերթին՝ գեյմերները, կկարողանան նկատել արագության աճը, բայց իրապես լուրջ փոփոխություններ նկատելի կլինեն մի քանի տարի հետո, գրում է Quartz-ը։ Էլ ավելի դժվար է պատկերացնել՝ ինչպիսին կլինի 6G-ն։

ՉԺՀ-ի գիտության և տեխնոլոգիաների նախարար Վան Սին նշել է, որ 6G-ի գործարկումն իրենց համար առաջնային խնդիր է: <<Նախարարությունը ձեռնամուխ կլինի 6G-ին անցնելու և այն գործարկելու նախապատրաստական աշխատանքներին>>,- նշել է նա: