Սփյուռքի ավելի քան 80 սթարթափ կպայքարի՝ Հայաստանում գործելու հնարավորության համար

Սփյուռքի ավելի քան 80 սթարթափ կպայքարի՝ Հայաստանում գործելու հնարավորության համար

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համատեղ իրականացնում են <<Ներուժ>> սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը, որի նպատակն է   հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար:

<<Ներուժ>> սփյուռքի սթարթափ ծրագրին մասնակցելու համար հայտադիմում են ներկայացրել ավելի քան 80 սթարթափ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից:

Ինչպես հայտնում են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հաջորդիվ տեղի կունենան հայտադիմումների գնահատման, հարցազրույցների, ընտրության փուլերը, որոնք հաղթահարածները կհրավիրվեն Հայաստան՝ դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի միջազգային դպրոցում մասնակցելու քառօրյա հավաքի, ծանոթանալու Հայաստանի սթարթափ էկոհամակարգին և Հայաստանում բիզնեսով զբաղվելու առավելություններին, լսելու ոլորտի լավագույն մասանգետներին, համագործակցելու տեղացի գործընկերների հետ և զարգացնելու իրենց գաղափարները:

Ավարտին հաղթող թիմերը կստանան 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ, ինչպես նաև Հայաստանում իրենց սթարթափը հիմնելու համար ձեռնարկատիրական ամբողջական աջակցություն: