Վարչապետի մոտ քննարկվել է թվային օրակարգի իրականացման ընթացքը

Վարչապետի մոտ քննարկվել է թվային օրակարգի իրականացման ընթացքը

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի թվայնացման օրակարգի և իրականացման տեսլականի վերաբերյալ:

Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր է ոչ միայն այն, որ առանձին գերատեսչություններ և ծառայություններ թվայնացված լինեն, այլև, վարչապետի խոսքով, շատ ավելի կարևոր է, որ այդ թվայնացված համակարգերը փոխգործելի լինեն, այսինքն՝ մեկը մյուսի հետ աշխատեն:<< Ցավոք, այսօր էլ Հայաստանում կան թվայնացված պլատֆորմեր, որոնք, սակայն, փոխգործակցության խնդիր ունեն, այսինքն՝ մի համակարգը մյուս համակարգի հետ չի կապվում, և տեղեկությունները համադրելու առումով պրոբլեմներ են առաջանում: Մենք որոշեցինք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կլինի այն պետական մարմինը, որը կսահմանի ստանդարտները, փոխգործելիության սկզբունքները, բանաձևերը, և թվայնացումն ընդհանուր պետական համակարգում տեղի կունենա այդ տրամաբանության մեջ>>,-նշել է վարչապետը:

Թվայնացումը մեծ հաշվով մեր քաղաքացիների կյանքի որակի և հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է և, վարչապետի խոսքով, մեզ համար կարևոր նշանակություն ունեցող վիճակագրության և ընդհանրապես վիճակագրության որակի կարևորագույն ցուցանիշ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը զեկուցել է Հայաստանի թվայնացման օրակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: