2020-ի պետբյուջեով բարձր տեխնոլոգիական գերատեսչությանը կհատկացվի 12,4մլրդ դրամ

2020-ի պետբյուջեով  բարձր տեխնոլոգիական գերատեսչությանը կհատկացվի 12,4մլրդ դրամ

2020 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել մոտ 12,4 մլրդ դրամ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ընթացող 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 Նա նշել է, որ բյուջեի նախագծով եկող տարի ռազմական արդյունաբերության կարիքների համար ծախսերը կավելանան 122 տոկոսով՝ հասնելով 6,3 մլրդ դրամի։ Այդ միջոցների մի մասը, նախարարի խոսքով, ուղղվելու է գիտահետազոտական և հետազոտա-կոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրողականության ցուցանիշների բարձրացմանը: Հակոբ Արշակյանի խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել  երկրի կարիքներն անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև միջազգային շուկայում տեղական արտադրանքի իրացման և սպառման հնարավորությունների ձևավորումը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ մշակվել է 2020-2025 թվականների ռազմավարությունը, որն ուղղված է բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և թվայնացման զարգացմանը: «Այն շուտով կհանձնվի հանրության դատին»,- նշել է նա: