Աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը Չինաստանում է

Աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը Չինաստանում է

Աշխարհի ամենախոշոր ծովային կամուրջը միմյանց է կապել Հոնկոնգը, Մակաոն և Չինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքը: Կամրջի կառուցումն իրականացրած գլխավոր ինժեներ Լի Ցզյանը կամրջի նախագիծը համարում է ամենաբարդը, որ երբևիցե իրականացրել է:

«Բաց ծովում նման մասշտաբի կամուրջ կառուցելու համար մենք ստիպված էինք դիմակայել բնության ուժերին : Խոչընդոտ էին ուժեղ քամին, երբեմն էլ՝ թայֆունները, իրավիճակը բարդացնում էին բարձր ալիքները… Այդ բոլոր արգելքները շատ մեծ մարտահրավերներ էին»,- նշել է նա:

55 կմ երկարություն ունեցող կամուրջը, որը միմյանց է կապում երեք քաղաքները, բացվել է անցյալ տարվա աշնանը: Այն ճանաչվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը: Հոնկոնգի կամուրջը և Գուանդուն նահանգը իրար միացնելու գաղափարը ծագել է դեռևս 1980-ական թվականների վերջին, սակայն շինարարությունը սկիզբ է առել 2009 թվականի դեկտեմբերին:

Հոնկոնգից Չժուհայ ճամփորդելու համար պահանջվող 3 ժամը կամրջի առկայությունը կրճատել է 6 անգամ՝ դարձնելով ընդամենը 30 րոպե: Կամրջի շինարարության վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 18,8 մլրդ դոլար:

Պողպատե կամրջի քաշը գերազանցում է 400 000 տոննան: Այն դեռ պետք է ծառայի 120 տարի և, ըստ հաշվարկների, կարող է դիմակայել ամենաուժեղ թայֆուններին և մինչև 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերին:

Բաժիններ: Tech, Աշխարհ, Տեխնոլոգիա
Թեգեր: Bridge, China, Hong Kong, Macau