«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը սպասում են հարյուրավոր աշակերտներ

«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը սպասում են հարյուրավոր աշակերտներ

6-րդ տարին է՝ «Այբ» դպրոցում անցկացվում է «Ծրագրավորման ժամ»(Hour of code) միջոցառումը, որը համախմբում է ավելի քան 280մլն մասնակցի՝ աշխարհի 180 երկրից:

Այս տարին ևս բացառություն չի լինի: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ ու գործակցությամբ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և ցանկանում են բացահայտել, թե ինչ է ծրագրավորումը։ Մասնակցության համար ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն:

2018 թ․-ին «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը Հայաստանում մասնակցել է 5-18 տարեկան 500-ից ավելի պատանի: Մասնակիցներից շատերի համար միջոցառումն առաջին քայլն է եղել ծրագրավորման ոլորտում, և ներկայում նրանք արդեն ավելի խորացված ուսումնասիրում են ծրագրավորման տարբեր լեզուները։

«Դպրոցական տարիներն ամենալավ ժամանակն են ծրագրավորում սովորելու համար, և այդ նպատակով ամեն տարի «Ծրագրավորման ժամ» միջոցառման միջոցով մենք փորձում ենք այն հասանելի դարձնել բազմաթիվ դպրոցականներին Հայաստանի տարբեր համայնքներից»,- նշել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրեն Արտաշես Վարդանյանը: