Տավուշում բացվել է էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը

Տավուշում բացվել է էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Նախաձեռնող խումբը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի՝ դեռ ամիսներ առաջ Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների շրջանակում էին համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էլեկտրատրանսպորտի զարգացման «Ecocars» ծրագիրը: Այն արդեն իրողություն է և իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակում:

«Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին և շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք»,– բացման արարողության ելույթի իր խոսքում նշել է Տավուշի մարզպետը: