ՀԱՊԿ անդամ երկրները կարող են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետ

ՀԱՊԿ անդամ երկրները կարող են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ զգալի ներուժ է տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների միջեւ համագործակցության զարգացման համար, որպես արդիական ուղղություններից մեկը նշելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում, որին մասնակցել են նաեւ կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները:  

Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ եւս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման եւ միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները: