Մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվածների ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում 9-րդն է

Մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվածների ցուցանիշով  ՀՀ-ն աշխարհում 9-րդն է

Հայաստանը 2019-ի երրորդ եռամսյակում աշխարհի երկրների շարքում 9-րդ տեղն է գրավել` մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։

Այն կազմել է 0,1% և չի փոփոխվել երկրորդ եռամսյակի համեմատ։ Եթե այդ վնասաբեր ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Վրաստանի օգտատերերի 0,08%-ին, ապա երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 0,06%։

Այդ ցուցանիշներն Ադրբեջանում կազմել են, համապատասխանաբար, 0,07% և 0,08%։ Հուլիս-սեպտեմբերին մոբայլ բանկային տրոյական ծրագրերն ամենից շատ գրոհել են ռուսաստանցի օգտատերերին՝ 0,30%։

2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 1,86%-ը, Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,17, իսկ Ադրբեջանում՝ 3,8%։ Երկրորդ եռամսյակում դրանք գրոհել են հայաստանցի օգտատերերի 2,08%-ին, Վրաստանում՝1,67, և Ադրբեջանում՝ 4,05%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, հուլիս-սեպտեմբերին մոբայլ սպառնալիքներն ամենից շատ գրոհել են Իրանի օգտատերերին՝ 52,68%:

Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաեւ համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։

Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում եւ բրաուզերներում։

Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում են» դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունը։

Թեգեր: Kaspersky, statistics