Իրավապաշտպաններն ահազանգում են. մեղադրվում են նաև Apple-ն ու Google-ը

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ IRAdvocates-ը, ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերություններին մեղադրել է մանկական աշխատուժը շահագործելու մեջ:

Կոլումբիայի շրջանային դատարան ներկայացվել է դատական հայց, որով Apple-ը, Alphabet-ը՝ Google- ի մայր ընկերությունը, Dell Technologies-ը, Microsoft-ն ու Tesla-ն մեղադրվում են Աֆրիկայի կոբալտի հանքերում մանկական աշխատուժը շահագործելու համար: Հայցվորների անունները չեն հրապարակվում, ասվում է միայն, որ նրանք թվով 14 հոգի են:

Ինչպես նշվում է, երեխաները հանքերում արդյունահանում են կոբալտի մեծ մասը, որն օգտագործվում է լիթիում-իոնային մարտկոցներ պատրաստելու մեջ: Առանց դրանց անհնար է գաջեթների, էլեկտրոնային սարքերի և Google-ի սերվերների աշխատանքը և դրանով արևմտյան ընկերությունները հարյուր միլիարդավոր դոլարների շահույթ են ստանում:

Նշվում է, որ հանքագործներն իրենց աշխատանքի դիմաց օրական ընդամենը 2-3 դոլար են ստանում՝ վտանգելով իրենց կյանքը: Իրավապաշտպանները համոզված են, որ ամերիկյան կորպորացիաները տեղյակ են երեխաների թե՛ աշխատանքային պայմաններից և թե ՛նրանց աշխատավարձի չափից: