Չինաստանում գործարկվել է ինքնավար գնացք, որն աշխատում է վիրտուալ ռելսերի վրա

Ֆուտուրիստական գնացքը, որը ճամփորդում է վիրտուալ ուղիներով, Չինաստանում առաջին անգամ իր դռներն է բացել ուղևորների առաջ: Գնացքի կոնցեպցիան ներկայացվել է երկու տարի առաջ, և հիմա արդեն գործարկվել է կոմերցիոն նպատակներով:

Սովորական երկաթգծի փոխարեն երկաթուղային տրանսպորտն օգտագործում է սենսորային ցանց, որը և ծառայում է գնացքի համար իբրև ցուցիչ: Լոկոմոտիվն ինքը հագեցած է մի շարք սենսորներով, որոնք հնարավորություն են տալիս չափել անցնելիք ճանապարհը և, ըստ այդմ , կարգավորել երթուղին:

Yibin ART T1 գնացքը ժամում կարող է զարգացնել մինչև 110 կմ արագություն և միաժամանակ տեղափոխել մինչև 300 ուղևոր: Ենթադրվում է՝ տրանսպորտի այս նոր տեսակից օրական կօգտվի շուրջ 25 000մարդ: Երկաթուղու շինարարությունը, որի երկարությունը կազմել է շուրջ 18 կմ, Չինաստանին արժեցել է 1128 մլրդ յուան, այսինքն ՝ շուրջ 10 մլրդ ռուբլի:

Գնացքն աշխատում է ինքնավար ռեժիմով և թեպետ գնացքում միշտ ներկա է օպերատորը, նա կարձագանքի միայն արտակարգ իրավիճակ լինելու դեպքում: Բացի այդ, եթե գնացքը շեղվում է վիրտուալ գծերից կամ ճանապարհին որևէ խոչընդոտ է հայտնվում, վերահսկումը կրկին ավտոմատ անցնում է մարդու ձեռքը:

Գնացքի ծառայության ժամկետը սահմանված է 25 տարի: 10 րոպե լիցքավորման առկայությունը գնացքին հնարավորություն է տալիս 25 կմ տարածություն ացնել: Ծրագրավորողների խոսքով, նման վիրտուալ երկաթուղային գծերի կառուցումն ավելի դյուրին է, քան օրինակ, տրամվայի գծերի կառուցումը: Այն հնարավորություն կընձեռի միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքն ավելի ակտիվացնել: