«Ինժեներական քաղաք»-ի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020-ին

«Ինժեներական քաղաք»-ի շինարարական աշխատանքները կմեկնարկեն  2020-ին

Հայաստանում «Ինժեներական քաղաք»-ի շինարարության գործընթացը կսկսվի 2020-ին: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «2020-ին վերջապես կունենանք լուրջ զարգացումներ «Ինժեներական քաղաք»-ի ծրագրում: Կսկսենք շինարարության գործընթացը»,- նշել է նախարարը:

Նա նշել է նաև, որ Ազգային վենչուրային ֆոնդը կգրանցվի 2-րդ եռամսյակում և 2020-ին հնարավորություն կլինի առնվազն 5 մլն դոլարի ներդրումներ անել տեխնոլոգիական ոլորտում:

« Ինժեներական քաղաք»-ը ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, նոր աշխատատեղի ստեղծում: Ծրագիրն իրականացվելու է Երևանում: