Հայաստանում պետական մակարդակով բացակայում է տեղեկատվական անվտանգությունը. փորձագետ

Հայաստանում պետական մակարդակով բացակայում է   տեղեկատվական անվտանգությունը. փորձագետ

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում չկա տեղեկատվական անվտանգության պետական ռազմավարություն, չկան համապատասխան նորմեր, օրինակ՝ այն մասին, թե պաշտոնատար անձինք կապի ինչպիսի միջոցներից կամ հեռախոսներից պետք է օգտվեն, չնայած հայտնի է, որ տեղեկությունների արտահոսքը կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան երբ կոտրվում են պաշտոնական կայքերը:

Նրա խոսքով՝ այսօր գլոբալ մասշտաբով գործում են հաքերային կազմակերպություններ, որոնք աշխատում են պետության համար և կատարում են հակառակորդի ենթակառուցվածքները շարքից հանելու հանձնարարություններ, ինչը կարող է ունենալ շատ ավելի լուրջ հետևանքներ, քան ռազմական գործողությունները, և Հայաստանն առայժմ պատրաստ չէ սրան դիմակայելուն:

Փորձագետի կարծիքով՝ 2020 թվականին Հայաստանի համար կշարունակեն բացասական ազդեցություն թողնել նաև օրենսդրական բացերը: «Ինչ վերաբերվում է սովորական օգտատերերին, ապա նրանց համար մարտահրավեր կդառնա էլեկտրոնային առևտրի բումը, ինչի հետ կապված անհրաժեշտ է մշակել վարքագծի համապատասխան մշակույթ և օգտվել միայն ստուգված էլեկտրոնային խանութներից ու աղբյուրներից»,- նշել է նա:

Փորձագետը «ֆեյք լրատվամիջոցների»-ի դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարել բնակչության տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացումը: «Հայաստանում համացանցի մոտ 1 մլն 300 հազար օգտատեր կա, որոնցից մոտ 70 հազարը ֆեյք է»,-նշել է Սամվել Մարտիրոսյանը:

Թեգեր: expert, IT security