Տարվա մարդ է ճանաչվել Microsoft-ի գլխավոր տնօրենը. Financial Times

Տարվա մարդ է ճանաչվել  Microsoft-ի գլխավոր տնօրենը. Financial Times

Financial Times միջազգային թերթն ամերիկյան Microsoft Corp.–ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլային «Տարվա մարդ» է ճանաչել ընկերության առաջ նրա ունեցած վաստակի և «տեխնոլոգիական հսկաների թվում հատուկ տեղ» գրավելու համար, հայտնում է պարբերականի կայքը։

Նադելլան Microsoft–ի գլխավոր տնօրեն է նշանակվել 2014 թվականին` այդ պաշտոնում փոխարինելով Սթիվ Բալմերին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բիզնես ստորաբաժանման և ընկերության «մշուշոտ» ծառայությունների ղեկավարի պաշտոնը։

«Նոյեմբերի վերջին Microsoft-ի բաժնետերերի ընդհանուր շահույթը նրա (Նադելայի) մոտ վեցամյա կառավարման օրոք գերազանցել է 1 տրլն դոլարը։ Համեմատեք դա այն թվի հետ, երբ նա նոր էր զբաղեցրել երրորդ գլխավոր տնօրենի պաշտոնը Microsoft-ի պատմության մեջ, երբ ծրագրային ապահովում մշակող ընկերությունն այնպիսի վիճակում էր, երբ ասես սրընթաց հետ էր մնում կյանքից տեխնոլոգիական տեսակետից»,- ասվում է հրապարակման մեջ։

Թերթն ընդգծում է, որ Նադելլան «Microsoft–ը հետ է վերադարձրել տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների բարձունքին, չառաջացնելով այնպիսի մտահոգություն, ինչպիսին առաջացնում են տեխնոլոգիական ընկերությունների մյուս ղեկավարները»:

1975-ին Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի հիմնադրած Microsoft-ը տարբեր սարքերի համար (անհատական համակարգիչներից մինչև բջջային հեռախոսներ) ծրագրային ապահովման արտադրության ամենախոշոր կորպորացիաներից մեկն է։ Կենտրոնակայանը գտնվում է Ռեդմոնդում (Վաշինգտոնի նահանգ)։ Կորպորացիայի շուկայական կապիտալացումը կազմում է ավելի քան 700 մլրդ դոլար: