Տեխնոլոգիական հսկաները կմիավորվեն՝ առավել արդյունավետ դարձնելու համար ձայնային օգնականների կիրառությունը

Տեխնոլոգիական հսկաներ Apple-ը, Google-ը և Amazon-ը հայտարարել են, որ միավորում են իրենց ուժերը՝ «խելացի» տան տեխնոլոգիայի կիրառումը հեշտացնելու նպատակով:

Ընկերությունները, Zigbee Alliance-ի հետ մեկտեղ, կաշխատեն միասին, որպեսզի «խելացի» տան արտադրանքը համատեղելի լինի տարբեր սմարթֆոնների և ձայնային օգնականների հետ: Այս միության մեջ մտնում է նաև Ikea-ն: Շատ վերլուծաբանների համար նման քայլը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կողմից անսպասելի է եղել:

Այժմ անհրաժեշտությունը՝ սպառողներին և արտադրողներին ստիպելու ընտրել մեկ ձայնային օգնական մյուսի փոխարեն, կարող է մնալ անցյալում, եթե իհարկե, տեխնոլոգիական ընկերությունների միջև նոր ձևավորվող գործընկերությունը ընթանա ըստ նախատեսվածի: «Հաճախորդները կարող են վստահ լինել, որ իրենց նախընտրած սարքը կաշխատի իրենց տանը, և որ նրանք կկարողանան կարգավորել ու կառավարել այն իրենց նախընտրած համակարգի միջոցով»:

Միավորված ընկերությունները վստահեցնում են, որ նոր ստանդարտի ներդրման դեպքում էլ «խելացի» տան համար նախատեսված ապրանքատեսակները պետք է շարունակեն աշխատել: Նախնական սպեցիֆիկացիաները կթողարկվեն 2020թվականի վերջին:

Առաջին արտադրանքները, որոնց վրա կդրվեն նոր ստանդարտները, կվերաբերվեն անվտանգությանը: Այս շարքին կդասվեն այնպիսի սարքեր, ինչպիսիք են՝ խելացի կողպեքներն ու տեսահսկման տեսախցիկները: