Պետք է լինենք ոչ թե սպառողի, այլ առաջարկողի դերում.Արմեն Սարգսյան

Պետք է լինենք ոչ թե սպառողի, այլ առաջարկողի դերում.Արմեն Սարգսյան

«More for Metsamor» («Ավելին` Մեծամորի համար») նախագծի շրջանակում աշակերտների և քաղաքի բնակիչների հետ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն՝ այցելելով Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

More for Metsamor նախագիծը դպրոցական կրթությանն աջակցող բազմաբաղադրիչ ծրագիր է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից իրականացվում է դպրոցում այս տարվա նոյեմբերից: Նախագծի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաև գիտատեխնոլոգիական հաստատություններ, ծանոթանում դրանց աշխատանքներին: Այս կրթական նախագծի օպերատորը Մեդիամաքս մեդիա-ընկերությունն է իր Mediamax Plus հարթակով, որի նպատակն է աջակցել Հայաստանի կրթական, գիտական և մշակութային հաստատություններին:

Խոսելով նոր տեխնոլոգիաների և դրանց դերի մասին, նախագահ Սարգսյանը նկատել է, որ 21-րդ դարում դրանք ուղղակի անհրաժեշտություն են:

«Ինչով էլ զբաղվեք այս կյանքում՝ նոր տեխնոլոգիաների հետ եք շփվելու, հետևաբար պետք է գրագետ լինեք: Նույնը վերաբերում է նաև մեր երկրին: Ինչ-որ իմաստով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք սպառող երկիր են: Եթե ուզում ենք մեր երկիրը հաջողի, ապա պետք է ոչ թե սպառող լինենք, այլ առաջարկող: Կարող է շատերին թվալ, թե սա երազանք է, բայց մեր ժողովուրդը կարող է դա անել, որովհետեւ մենք բազմիցս ենք տեսել, որ հայկական ծագում ունեցող մարդիկ աշխարհի տարբեր երկրներում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ են»,- նշել է հանրապետության նախագահը և հավելել, որ սկզբունքորեն հնարավոր է, եթե մենք բոլորս միասին որոշենք, որ այդ ոլորտը պետք է զարգացնենք: «Դա մեկ հոգու, նախագահի, վարչապետի, նախարարի աշխատանքով չի ստացվի, որովհետև խնդիրը հսկայական է՝ Հայաստանը բարձրացնել բոլորովին այլ մակարդակի»: