Անցնող տարվա ընթացքում ռոբոտաշինության «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն ստացել են մասնավոր ընկերությունների աջակցությամբ:

Այդպիսով, եթե 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում էր 225 ինժեներական լաբորատորիա, այժմ դրանց թիվը հասել է 575-ի, այսինքն` ավելացել է ավելի քան 155 տոկոսով :

ՀՀ երեք մարզերի` Շիրակի, Լոռու և Տավուշի հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ ապահովված են «Արմաթ» լաբորատորիաներով: Շիրակի մարզի 140 դպրոցից այս տարի նոր լաբորատորիա է տեղադրվել 117 դպրոցում,  Լոռիում ևս 140 դպրոցից 118-ը ապահովվել են նոր լաբերով, իսկ  Տավուշում 83 դպրոցից նոր լաբեր են ստացել 44-ը (մնացած դպրոցներն ապահովվել էին նախորդ տարիներին):

Տարվա ընթացքում ինժեներական լաբորատորիաներ են տեղադրվել նաև  Արցախի և Ջավախքի դպրոցներում:  Հետագայում ինժեներական լաբորատորիաների համալրման ծրագիրը կընդլայնվի: Նման լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների թիվը 33-ից պակաս է: «Արմաթ» լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար, պարապմունքներն անվճար են, մեկ խմբում կարող է ընդգրկվել մինչև 18 երեխա:

Այսպիսով, Հայաստանը դիրքավորվում է աշխարհի այն երկրների շարքում, որտեղ STEM կրթությունը ինժեներական լաբորատորիաների տեսքով հասանելի է հանրակրթական համակարգի շուրջ 50% դպրոցներում։