Ավտոարտադրողների նորարարության վարկանիշը՝ գերմանացի փորձագետների գնահատմամբ

Center of Automotive Management (CAM) անկախ գերմանական ինստիտուտը կազմել է ավտոարտադրողների նորարարությունների վարկանիշը: Ըստ այդմ, առաջին տեղը շնորհվել է Volkswagen խմբին, իսկ վերջինը ՝ չինական BAIС-ին ։ Այս մասին հայտնում է motor.ru-ն:

Ուսումնասիրության ընթացքում վերլուծության են ենթարկվել 1300 տեխնիկական նորարարություններ, որոնց վերաբերյալ տվյալները մշակվել են 2018-2019թթ.-ի ընթացքում: Ամփոփ ցանկը կազմվել է եվրոպական, ճապոնական, ամերիկյան և չինական 42 ավտոմոբիլային խմբերի և 96 բրենդների գործունեության գնահատումից հետո:

Ըստ վերլուծության արդյունքների՝ նորարարությամբ առաջատար է համարվել Volkswagen խումբը. այն ներմուծել է 462 նորարար տեխնոլոգիաներ(նոու-հաու),որոնցից 73-ը բացառիկ են ոլորտի համար: VW-ի ավանդի արժեքը գնահատվել է 466,9 միավոր:

Երկրորդ և երրորդ տեղերը վարկանիշային ցանկում զբաղեցրել են Daimler-ը և BMW-ն, որոնց նորարարությունների թվային արդյունքը համապատասխանաբար 184 և 166 է: Ամերիկյան Tesla-ն գտնվում է չորրորդ հորիզոնականում.այն ունի 50 նորարարություն, որոնցից 23-ը սերիական մեքենաների վրա ներդրվել է առաջին անգամ: CAM վարկանիշում հինգերորդ տեղը բաժին է հասել Hyundai-ին:

Գերմանացի փորձագետների առանձնակի ուշադրությանն են արժանացել Audi Q7-ի՝ երթևեկության շարքի սահմանի վերահսկման տեխնոլոգիան, Volkswagen Touareg-ի կորացող էկրանը, Passat-ի Travel Assist ադապտացվող կրուիզ-կոնտրոլ համակարգը, Mercedes-Benz A-Class-ի MBUX համալիրի վերջին տարբերակը և BMW X5-ի հետընթաց շարժման օգնականը: