LG-ի նոր հեռուստացույցը կարժենա 60 000 դոլար

LG-ն իր առաջին Roll-Up հեռուստացույցը ներկայացրել է դեռևս 2018 թվականին: Մոդելի վաճառքի մասին ընկերությունը նոր է բարձրաձայնում՝ տեղեկացնելով, որ նշված մոդելը վաճառքի է հանվելու այս տարի : Պետք է նշել, որ այն շատ թանկ արժե և դժվար թե գտնվի մեկը, ով ցանկանա հեռուստացույցը ձեռք բերել 60 000դոլարով:

LG Signature OLED TV R՝ այսպես է կոչվում նորույթը, որը լիովին տարբեր ձևաչափով է: Մոդելը ստացել է 4K թողունակությամբ 65-դյույմանոց OLED ճկուն էկրան, որը կարելի է գլանաձև փաթաթել: Ընդ որում, արտադրողը վստահեցնում է, որ ճկուն դիսփլեյը հեռուստապատկերի որակի վրա բացասաբար չի անդրադառնում:

LG-ն նաև պոտենցիալ գնորդներին կոչ է անում չվախենալ, որ հեռուստացույցը կկոտրվի: Այն 50 000 անգամ կարելի է ծալել՝ առանց վնասելու հեռուստացույցի էկրանը: Սպասվում է, որ LG Signature OLED TV R-ն վաճառքի կհանվի 2020 թվականի երկրորդ կամ երրորդ եռամսյակում: