Խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին կմիավորի GCON 2020-ը

Խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին կմիավորի GCON 2020-ը

Հունվարի 25-ին Հայաստանում տեղի կունենա խաղերի ստեղծման թեմայով առաջին համաժողովը՝ GCON 2020-ը։ Game Dev Conference -ի նպատակն է մեկ հարկի տակ միավորել խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին՝ ստեղծելով համագործակցության ու գիտելիքի փոխանակման մի հարթակ։

Համաժողովի համակազմակերպիչներն են Noor Games-ը և ՀԱՀ Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC):

GCON-ի ընթացքում կազմակերպվելու են ելույթներ և պանելային քննարկումներ՝ հայ մասնագետների մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցությունն անվճար է։

Խաղերի ստեղծման մասնագետները, որոնք ցանկանում են ելույթով հանդես գալ GCON 2020-ի ընթացքում, պետք է լրացնեն հայտը և ստանան հաստատում կազմակերպիչների կողմից։

Noor Games-ի հիմնադիր, GCON-ի և GGJ-ի համակազմակերպիչ Նարեկ Աղեկյանը նշել է, որ համաժողով կազմակերպելու միտքը ծագել է խաղաստեղծների համայնքի հետ քննարկումների արդյունքում։

«2019թ. Հայ խաղաստեղծների ասոցիացիայի (AGDA) շրջանակում բազմաթիվ հանդիպումներ ենք կազմակերպել։ Որոշեցինք, որ Հայաստանում խաղերի ստեղծմանը նվիրված ամենամեծ միջոցառումից՝ Global Game Jam Armenia 2020-ից մոտ մեկ շաբաթ առաջ ճիշտ կլինի կազմակերպել կոնֆերանս, որը ևս մեկ առիթ կհանդիսանա հանդիպման և գիտելիքների փոխանակման համար։ Մյուս կողմից, Global Game Jam Armenia խաղերի ստեղծման ամենամյա հաքաթոնի ֆոնին այն կնպաստի մասնակիցների ինքնավստահության մեծացմանն ու ստեղծվելիք խաղերի որակական աճին»,- նշել է նա:

Թեգեր: Epic!, GCON 2020, Noor Games