Ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է դրանց պատճառների դեմ պայքարել․Սամվել Մարտիրոսյան

Ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է դրանց պատճառների դեմ պայքարել․Սամվել Մարտիրոսյան

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Տեղեկատվական անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը անդրադարձել են կեղծ օգտատերներին:

Սամվել Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, թե Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է, մինչդեռ՝ «Դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաև վտանգավոր: Մենք իրավական և բարոյախրատական գնահատականները սկսել ենք խառնել: Երբ որ մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ>>,- ասել է փոձագետը և հավելել՝ << Կարծում եմ, որ ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է դրանց պատճառների դեմ պայքարել, պետք է հստակ ձևավորել տեղեկատվական հոսքերը, երկրորդը` կրթել հանրությանը, երրորդը՝ ստեղծել լրատվամիջոցների համար այնպիսի միջավայր, որ լրագրողների կրթության որակը բարելավվի: Իմ կարծիքով՝ «ֆեյքերի» դեմ պայքարով քո ամբողջ ռեսուրսն ուղղում ես սխալ ուղղությամբ>>,- նշել է Սամվել Մարտիրոսյանը։

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ ներկայում Քրեական օրենսգիրքն այդպիսի գործիքակազմ չի պարունակում, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, ով հրապարակում է կեղծ տեղեկություններ, և այդպիսի կեղծ տեղեկությունը ոտնահարում է կա´մ հասարակական, պետական անվտանգությունը, կա´մ մարդու սահմանադրական իրավունքները:

Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք շարունակելու են հայտնաբերել կեղծ օգտատերերին, որոնց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, Վահան Հովհաննիսյանն ասել է. «Նախ նշեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ո´չ այդպիսի գործառույթ ունի, ո´չ լիազորություն, առավել ևս պարտականություն չունի, ենթադրենք, հայտնաբերեցին այդ անձին, ի՞նչ պետք է անենք, Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի: Ես կարծում եմ, որ «Դիանա Հարությունյանի» դեպքում հայտնվել են խնդրի առաջ, որ չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մեղադրանք։ Հիմա չկա որևէ հոդված, որով այդ անձին մեղադրանք առաջադրվի>>,- նշել է նա։