Բեռլինում կբացվի Թումո կենտրոն՝ հիմնվելով հայաստանյան գրավիչ փորձի վրա

Բեռլինում կբացվի  Թումո կենտրոն՝  հիմնվելով հայաստանյան գրավիչ փորձի վրա

Գերմանիայի մայրաքաղաքում կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք երևանյան կենտրոնի  ֆեյսբուքյան էջից, որտեղ նշվում է, որ Երևանում տեղի կունենա Թումո Բեռլինի բացման պայմանագրի ստորագրման արարողությունը։

Այս գաղափարը հասունացել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևան կատարած այցի ընթացքում։ Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան այցելելով Թումո՝ հիացմունք էր ապրել, թե ինչպես են երեխաները խաղային մթնոլորտում ծրագրավորում սովորում։ Այդ կապակցությամբ Գերմանիայի թվային զարգացման հարցերի պետնախարար Դորոթեա Բերը Reuters պարբերականի հետ զրույցում ասել էր, թե կփորձեն նմանատիպ նախագիծ իրականացնել նաև Գերմանիայում։

Հիշեցնենք, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում հիմնվել է 2011թվականին։ Այս ընթացքում Թումո կենտրոններ են բացվել նաև Դիլիջանում(2013թ․), Գյումրիում (2015թ), Ստեփանակերտում(2015թ․)։ Մոտ ապագայում այդ շարքը կհամալրեն Կողբի և Մասիսի կենտրոնները։

Հայաստանի սահմաններից դուրս Թումոյի առաջին կենտրոնը բացվել է Փարիզում, 2018թվականի աշնանը։ Երկրորդ՝ արտերկրյա կենտրոնն իր դռներն է բացել Բեյրութում՝ կրկին 2018-ին։

Մոսկվայում և Տիրանայում նմանատիպ կենտրոններ բացելու հեռանկարն առայժմ գտնվում է գործնական պայմանավորվածությունների մակարդակում։ Ստեղծարար տեխնոլոգիաների երևանյան կենտրոնի գրավիչ ձևաչափը նաև Կիևի և Տոկիոյի ուշադրության կենտրոնում է։