Հայաստանն ունի բարձրակարգ մարդկային կապիտալ.Thales Group

Հայաստանն ունի բարձրակարգ մարդկային կապիտալ.Thales Group

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում եւ Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի եւ ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ:

Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համագործակցության հավանական ուղղությունների շուրջ քննարկումները:

Նրանք անդրադարձել են նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը, մասնավորապես, արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ընդգծելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության իրենց պատրաստակամությունը` ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ Հայաստանը ունի բարձրակարգ մարդկային կապիտալ, լավ կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, ինչը Thales-ի նման ընկերության համար շատ կարեւոր է եւ ամուր հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում եւ զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության շուկաներում: