Համացանցում է հայտնվել PlayStation 5-ի ենթադրյալ նոր դիզայնը

Sony-ի ապագա սարքավորման նմուշները կրկին հայտնվել են համացանցում, բայց հնարավոր է` սա էլ դեռ վերջնական տարբերակը չէ:

Թվիթերյան օգտատեր Alcoholikaust-ը իր օգտահաշվում տեղադրել է սարքավորման դիզայնի նոր տարբերակը:

Սարքավորումը բաղկացած է քառանկյուն, իրար միակցված երկու պլաստիկներից, որոնք միմյանցից անջատվում են յուրօրինակ միջնաշերտով: Ընդ որում՝ ստորին պլաստիկն ունի հավելյալ 2 եռանկյուն «ականջ», որի վրա էլ միացման կոճակն է: Համակարգչի միացման և օդափոխիչի ցանցի համար նախատեսված ինտերֆեյսը, հավանաբար, տեղադրվելու է սարքավորման կենտրոնում:

Alcoholikaust-ը նշել է, որ համոզված չէ, թե սա սարքավորման վերջնական տարբերակն է: Մեկնաբանները, իրենց հերթին, նշել են, որ նման դիզայնն առավել կհամապատասխաներ Xbox-ին. ուշադիր նայելու դեպքում նկատվում է, որ կոնսոլի կառուցվածքը հիշեցնում է X տառը:

Ապագա PlayStation 5-ի տեխնիկական բնութագրերը հրապարակվել են դեռևս 2019թ. ապրիլին, իսկ դեկտեմբերին համացանցում էին հայտնվել սարքավորման ենթադրյալ լուսանկարները: