ՏՏ ոլորտը ամենապահանջվածն ու բարձր վճարվողն է Հայաստանում. փորձագետ

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մնում է ամենապահանջվածն ու բարձր վճարվողը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի շուկայի հետազոտության գծով փորձագետ Լուիզա Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին, 2018-ի համեմատությամբ, գրանցվել է նոր հայտարարությունների 250% աճ, որոնց զգալի մասը բաժին է ընկնում ՏՏ ոլորտին։ «2018 թվականին մեր հարթակում գրանցվել է 5000 հայտարարություն, իսկ 2019-ին այդ թիվը հասել է 12500-ի, որի 42%-ը բաժին է ընկնում բարձր տեխնոլոգիաների ոլորտին։»,- նշել է նա՝ հավելելով, որ 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող նման մասնագետների միջին աշխատավարձը կազմում է 1,5 մլն դրամ։

Ավետիսյանն ընդգծել է, որ արտադրական ներուժի առումով ամենաակտիվը մնում են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Արմավիր քաղաքները, սակայն մարզերի ակտիվությունը հայտարարություններ տալու առումով ցածր է և 12500-ի ընդամենը 7,5%-ն է կազմում։

«Ակտիվ գործատուներից է նաեւ կառավարությունը՝ հանձին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության»,- նշել է Լուիզա Ավետիսյանը և հավելել, որ Հայաստանում աշխատանք են փնտրում հիմնականում համացանցում եւ սոցիալական ցանցերում։