«Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական ATOM ծրագրի համար․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ:

Կարևորելով ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է տեխնոլոգիական և կրթական հանգույց դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները։

Ջուդսոն Ալթհոֆն ասել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցությամբ, մասնավորապես, արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և մի շարք այլ ուղղություններով։

Համակարծիք լինելով, որ «Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական հիշյալ ծրագրի համար՝ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և առաջիկայում ստորագրել փոխգործակցության մասին հուշագիր։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։ Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։