«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումն ավելացել է 10 անգամ․ ՀՀ վարչապետ

«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումն ավելացել է 10 անգամ․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին։ Վարչապետը նշել է, որ 2014-2017 թվականներին պետբյուջեից «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը կազմել է 188 մլն դրամ, իսկ 2018 և 2019 թթ. արդեն հասել է 1 մլրդ 296 մլն դրամի:

«Այսինքն՝ 3 տարվա ընթացքում 188 մլն դրամ, իսկ 2 տարվա ընթացքում 1.296 մլրդ դրամ: Հաջորդը, մինչև հեղափոխությունը, կրկին 3 տարվա ընթացքում  Հայաստանում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, իսկ հեղափոխությունից հետո՝ 255: Այսինքն՝ ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ, և այսօր մարդիկ մեզ մեղադրում են, թե «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված խնդիր ենք առաջացնում: Իսկ ո՞րն է խնդիրը: Մենք այսօր ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից ու մենք ասում ենք՝ այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ներկայացնենք տեխնիկական առաջադրանք ու սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք պետք է ասենք՝ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ ու հրավիրում ենք մրցույթի: Մի դեպքում՝ մի կազմակերպություն կարող է հաղթել, մյուս դեպքում՝ մեկ այլ», – ասել է վարչապետը։