«Արհեստական քիթը» կօգնի հայտնաբերել մարիխուանայի պլանտացիաները

Միչիգանի նահանգի Բեսեմեր քաղաքի իշխանությունները քվեարկել են նոր սարք գնելու օգտին, որը նախատեսված է մարիխուանայի պլանտացիաներ որոնելու համար: Այսպիսով, պաշտոնյաները մտադիր են լուծել բույսերից տարածվող տհաճ հոտի խնդիրը, որից բողոքում են տեղի բնակիչները: Սարքը թույլ է տալիս չափել եւ որոշել օդում հոտի կոնցենտրացիան:

Ոստիկաններն արդեն տիրապետում են սարքի նրբություններին եւ մտադիր են զբաղվել մարիխուանայի ապօրինի պլանտացիաների որոնմամբ։

Միչիգանում 2018 թվականին ռեկրեացիոն մարիխուանան օրինականացրել են։ Դա չի նշանակում, որ յուրաքանչյուր ոք կարող է ազատ աճեցնել այն: Օրենքի համաձայն՝ 21 տարեկանից բարձր երիտասարդները կարող են իրենց տներում աճեցնել մարիխուանայի մինչև 12 բույս ։

Բնակիչներին արգելվում է փողոցում կանեփ աճեցնել․ թույլատրելի է միայն փակ տարածքներում, որոնք տեսանելի չեն անցորդներին: Սակայն շատերը, ըստ երևույթին, չարաշահում են կանոնները, և այդ է պատճառը, որ քաղաքացիները կանգնել են տհաճ հոտի խնդրի առաջ։ Նոր սարքը կօգնի ոստիկաններին հայտնաբերել պլանտացիաները՝ սարքով փողոցից փողոց անցնելով։