Հայաստանը տիեզերքի ոլորտում կդառնա գործունեության համար գրավիչ երկիր. ԱԺ

Հայաստանը տիեզերքի ոլորտում կդառնա գործունեության համար գրավիչ երկիր. ԱԺ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը:

 Կառավարության առաջարկած օրինագծով նախատեսվում է Հայաստանում կանոնակարգել տիեզերական գործունեության ոլորտը:

Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել է  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով: Տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության ոլորտի զարգացման, տնտեսապես շահավետ օգտագործման համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը: Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները»,- նշել է Արշակյանը:

Ըստ օրենքի նախագծի՝ այն ընդունելու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կկանոնակարգվի տիեզերական գործունեության ոլորտը եւ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: