Չինաստանում անհայտ կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 800-ը

Չինաստանի իշխանությունները վիրուսի տարածման պատճառով դադարեցրել են հասարակական տրանսպորտի աշխատանքը երկրի 10 քաղաքներում: Այս մասին գրում է The Guardian-ը ։ Բոլոր քաղաքները գտնվում են Հուբեյ նահանգում։

Չինաստանում գրանցվել է հիվանդության ավելի քան 830 դեպք, որոնցից 95-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 25 մարդ։

Ուհան քաղաքի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցվել էր դեռ հինգշաբթի առավոտյան ։ Քաղաքում փակել են օդանավակայանն ու երկաթուղային կայարանները ։ Նմանատիպ սահմանափակումներ են մտցվել նաև Հուանգանում և Չժիցզյանում ։ Բացի այդ, Հուանգանում դադարել են աշխատել կինոթատրոններ, ինտերնետ-սրճարաններ եւ ժամանցային այլ հաստատություններ ։ Այժմ տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել Էչժոու, Չիբի, Հուանշի եւ մի շարք այլ չինական քաղաքներում:

Հրատարակության տվյալներով ՝ իշխանություններն անհանգստացած են չինական Նոր տարվա տոնակատարությամբ, երբ հարյուր միլիոնավոր քաղաքացիներ ճանապարհորդում են ամբողջ երկրում: Այդ պատճառով մայրաքաղաքում չեղարկվել են մի շարք տոնական միջոցառումներ ։ Բացի այդ, Պեկինի կենտրոնում գտնվող «Արգելված քաղաք » Պալատական թանգարանը հայտարարել է, որ անորոշ ժամանակով կփակվի:

Հիշեցնենք, որ անհայտ տեսակի թոքաբորբի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին Ուհան քաղաքում: Չինաստանից բացի, վարակման դեպքեր են գրանցվել Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում:

Հունվարի 23-ին ԱՀԿ-ն հրաժարվել է արտակարգ իրավիճակ հայտարարել Չինաստանում՝ վիրուսի բռնկման հետ կապված : Նրանց կարծիքով, իրավիճակը կարեւոր է Չինաստանի համար, բայց դեռ չի ձեռք բերել գլոբալ բնույթ։ Կազմակերպությունում նաեւ նշել են, թե չնայած այն բանին, որ վիրուսը կարող է մահացու լինել, մեծամասնության մոտ հիվանդությունն անցնում է թեթեւ ախտանշաններով։